Երեխաների պաշտպանության օրը Եղվարդում 1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր:
Երկրի վաղվա տերը երեխաներն են, և լուսավոր ու պայծառ է այն երկրի ապագան, որն ունի առողջ սերունդ...
Եղվարդի քաղաքապետարանն ամեն տարի այս օրը քաղաքում մանուկների համար տոնական մթնոլորտ է ստեղծում:Քաղաքապետարանի բակում, երաժշտության հաճելի հնչունների ներքո մանուկները զբաղված էին իրենց սիրելի գործով` կավճանկարչությամբ: Ամենուր բարձր տրամադրություն էր, լսվում էր մանուկների անհոգ ծիծաղը: Կավճանկարչությունը շարունակվեց նաև Եղվարդի արվեստի դպրոցի բակում` նկարչական բաժնի սաների մասնակցությամբ:
Օրվա երկրորդ կեսին Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում ՚Եղվարդՙ երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության անդամները կազմակերպեցին բնապահպանական դաս-խաղեր: Նպատակն էր երեխաներին ծանոթացնել շրջակա միջավայրի հետ, սովորեցնել պահպանել կենդանական և բուսական աշխարհը:
